Ռուսաստանը հայտնվել է ծուղակում. Ալեքսեյ Լեոնկով

28 Սեպտեմբերի 2023, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը:

«Նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, այսինքն՝ ինչ առիթ ունենք Վարդանյանի համար բարեխոսելու, եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Բանն այն է, որ երբ նա մեկնում էր Արցախ և այնտեղ դառնում վարչապետ, մինչ այդ նա ավարտել էր Ռուսաստանի հետ բոլոր գործերն ու հրաժարվել քաղաքացիությունից։ Ի դեպ, նույնիսկ հայտարարություն էր տարածել ադ մասին։ Եվ ընդունել է ՀՀ քաղաքացիություն, ըստ էության, անձնագրով ՀՀ քաղաքացի է։

Ոմանք հույս ունեն, որ կարող է աշխատել այն տարբերակը, որը մենք ունեինք Ուկրաինայում Մեդվեդչուկի հետ, և նրան անսպասելիորեն կփոխանակեն ինչ-որ մեկի հետ։ Բայց, այստեղ հարց կա՝ ո՞ւմ և ինչպե՞ս ։ Առայժմ պարզ է, որ նրան ձերբակալել են 4 ամսով։ Բայց մյուս կողմից, նրան հասանելի էին բազմաթիվ ռազմավարական տեղեկություններ Ռուսաստանից։ Ահա սա դառնում է այն գործոնը, որն ինչ — որ անուղղակի վտանգ ունի Ռուսաստանի համար», — կարծում է փորձագետը։

Մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնն ստանձնելը՝ Լեոնկովը փորձել է պարզել նրա՝ պաշտոնից հեռանալու պատճառը։

«Բոլորը Լեռնային Ղարաբաղում նրա հայտնվելը կապում էին այն բանի հետ, որ այնտեղ տեղի կունենան գործընթացներ, որոնք կամրապնդեին Ռուսական ներկայությունն Անդրկովկասում։ Սակայն, նա որոշ ժամանակ տիրապետել է իրավիճակին և հրաժարական տվել, և անհասկանալի է, թե ինչի պատճառով է դա տեղի ունեցել։ Ոմանք ասում են, որ դրանք Փաշինյանի մաքուր ապարատային խաղերն են։ Եթե անգամ դա այդպես է, եթե Վարդանյանը շահագրգռված լիներ, որ ռուս-հայկական բարեկամությունն ամրապնդվեր , և Արցախը չտուժեր, նա այլ ձևեր կգտներ դա օգտագործելու ի շահ երկու ժողովուրդների՝ հեղինակություն ունենալով և՛ Ռուսաստանում, և՛ Արցախում: Կարելի էր Արցախի բնակչությանը, որտեղ արդեն այն ժամանակ ըմբռնում կար, որ Արցախը ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո, ամենայն հավանականությամբ, իրենց «կմիավորեն», առաջարկել հանրաքվե անցկացնել։ Նա կարող էր պատրաստել այդ հանրաքվեն, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կասեր. «քանի որ Հայաստանը մեզ չի ուզում, իսկ մենք չենք ուզում լինել Ադրբեջանում, ապա Ռուսաստան, մեզ հետ ընդունի՛ր»,- ընդգծել է Ալեքսեյ Լեոնկովը:

Ալեքսեյ Լեոնկովն առանձնապես պատրանքներ չունի Վարդանյանին ազատ արձակելու վերաբերյալ և կարծում է, որ այս հարցում Ռուսաստանը բարդ ընտրության առջև է կանգնած:

«Գիտեք, սա բարդ հարց է, քանի որ ներկա իրավիճակում Ռուսաստանին ծուղակն են գցել։ Եթե Արցախի տարածքը մնար դեռ վիճելի, այսինքն ՝ վիճելի կարգավիճակով, և Փաշինյանը չհայտարարեր, որ դա Ադրբեջանի տարածք է, ապա կարելի էր ինչ-որ բան անել։ Իսկ այնպես է ստացվում, որ Ադրբեջանի տարածքում ձերբակալվել է հակաադրբեջանական քաղաքականություն վարող քաղաքական գործիչ։

Դրանք փաստացի Ադրբեջանի ներքին գործերն են։ Եթե ճանաչվի նրա՝ որպես քաղբանտարկյալի կարգավիճակը, ապա այդ ժամանակ կարելի է մտածել, թե ինչպես աշխատել այդ ուղղությունների հետ։ Բայց Դուք հասկանում եք, որ նման գործերով զբաղվում են իրավասու մարմինները, որոնք Ռուսաստանում են։ Իսկ արդյոք նրանք կաշխատեն, թե՞ չեն աշխատի, ես դա Ձեզ չեմ կարող ասել», — եզրափակել է Ալեքսեյ Լեոնկովը։

Հիմա եթերում