Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները. ՌԴ ԱԳՆ
13 Օգոստոսի 2025, 16:00
Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը ստացել է «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվանումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», ապա Ռուսաստանի ԱԳՆ-ն կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս չեն հրապարակվել։ Եվ, ինչպես մենք արդեն նշել ենք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե նոր խնդիրներ ու նոր բաժանարար գծեր ստեղծի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունը։
«Դրանք պետք է հաշվի առնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումների մշակման ժամանակ»,- հավելել է Ֆադեևը։