Ռուսաստանը կսկսի ստուգել արտասահմանյան գինիների արտադրությունը
23 Նոյեմբերի 2023, 13:10
Ռուսաստանը կսկսի արտասահմանյան, այդ թվում՝ հայկական գինեգործական ձեռնարկությունների ստուգումը՝ դրանց տեխնոլոգիաները գնահատելու համար: Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ՌԴ Գյուղնախարարությանը։
Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը աշխատում է գինեգործության ոլորտում շահագրգիռ երկրների գերատեսչությունների միջև փոխըմբռնման հուշագրերի կնքման ուղղությամբ:
«Ռուսաստանի Դաշնությունում խաղողագործության և գինեգործության մասին» օրենքի համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները իրավունք ունեն վերահսկել օտարերկրյա պետությունների տարածքներում երկիր ներմուծվող արտադրանքի արտադրության տեխնոլոգիան:
Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության մասնագետները նախատեսում են ստուգում անցկացնել և գնահատել խմիչքների արտադրության տեխնոլոգիան:
Դաշնային ծառայությունը պարբերականին հայտնել է, որ արտադրության գնահատումն անհրաժեշտ է օտարերկրյա պետությունների տարածքներում գինեգործական արտադրանքի արտադրության տեխնոլոգիայի համապատասխանությունը վերահսկելու համար: Նշվում է, որ առավել ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Մոլդովայի և Սերբիայի հետ: