ՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնահանվածներին
01 Դեկտեմբերի 2023, 16:08
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի «Սրտից սիրտ» ակցիայի շրջանակում Արցախից բռնի տեղահանվածների համար հավաքված մարդասիրական օգնությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մոսկվայից ուղարկվել է Հայաստան:
«Մարդասիրական օգնություն այն մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում՝ Լեռնային Ղարաբաղից ժամանելով Գյումրի, Երևան։ Մարդասիրական օգնությունը ներառում է անկողնային սպիտակեղեն և ներքնակներ, երեխաների համար հիգիենայի պարագաներ, որոշ սարքավորումներ, հագուստ։ Կարծում եմ, որ այս ամենը օգտակար կլինի»,- ասել է Մոսկալկովան:
Նա հավելել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ կոնկրետ մարդկանց օգնության հարցով։ Օմբուդսմենը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել կազմակերպել ամանորյա միջոցառումներ արցախցի երեխաների համար, եթե նրանք գան Ռուսաստան։