Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

01 Օգոստոսի 2025, 18:32

Քաղաքականություն

Հուլիսի 31-ից մեկնարկել է լայնածավալ մարդասիրական նախաձեռնություն, որի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից Հայաստանում ապաստանած տեղահանված ընտանիքներին։ «Եվրասիա» և «Ռուսական մարդասիրական առաքելություն» ոչ առևտրային կազմակերպությունները, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո, իրականացնում են օգնության հերթական փուլը՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակում։

Նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում տարբեր քաղաքներում՝ Աբովյանում, Մասիսում, Գյումրիում և Կապանում, կբացվեն օգնության բաշխման կետեր։ Մոտ 140 տոննա մարդասիրական բեռ՝ պարենամթերք և անձնական հիգիենայի միջոցներ, կհասցվի հազարավոր ընտանիքների։

Այս նախաձեռնությունը ուղղված է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին, տարեցներ ունեցողներին, ինչպես նաև նրանց, ովքեր կորցրել են ընտանիքի գլխավոր ապրուստ հայթայթողին։ Օգնությունն ուղղված է ոչ միայն նյութական աջակցության, այլև բարոյական համերաշխության։

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՆՈ «Եվրասիա»-ի խորհուրդի նախագահ Ալյոնա Արշինովան նշել է.

«Եվրասիան մեր ընդհանուր տունն է։ Մենք հավատում ենք, որ միասնության և փոխհասկացողության մեջ է մեր ուժը։ Այս օրերին տեղահանված ընտանիքները ծանր փորձությունների առաջ են կանգնած, և մենք պարտավոր ենք լինել նրանց կողքին»։