Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին
11 Հուլիսի 2025, 11:50
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։
«Մենք կարծում ենք, որ հենց այդ ուղղություններով է պետք շարժվել. խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների և խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ պայմանավորվածությունների մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ասել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։