Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանի ջրհեղեղից տուժած շրջանների վերականգնմանը. Զախարովա

30 Մայիսի 2024, 17:10

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել Հանրապետությունում ջրհեղեղի հետ կապված ռուսական կողմի օգնությանը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսել ենք դրական արձագանք, իսկապես տեսել ենք։ Կրկին կրկնում ենք, որ բոլոր առաջարկները, որոնք արվել են, արդիական են», — ասել Է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, պատրաստ է միշտ օգնել՝ ելնելով Երևանի կարիքներից:

«Մեկ անգամ ևս մեր ցավակցությունն ենք հայտնում տարերքի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Նաև անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք ջրհեղեղից տուժած տարածաշրջանների բնականոն կյանքի վերականգնման համար», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հորդառատ անձրևների պատճառով Լոռու մարզում ափերից դուրս են եկել Դեբեդ և Աղստև գետերը: Հարյուրավոր բնակիչների տներ հեղեղվել են, փակվել է նաև դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։ Զոհվել է 4 մարդ։