Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ

24 Դեկտեմբերի 2025, 13:00

Քաղաքականություն

Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը։ Ուսումնասիրվում է նաև հետադարձ բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, և մենք այն համարում ենք իսկապես նշանակալից. ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի անկախության գոյության սկզբից ի վեր առաջին անգամ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ… Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով, օրինակ՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը»,- ասել է Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա նաև նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերք տեղափոխող գնացք։ Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։

«Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք առաջընթացներ են, որոնք վերջերս անհավանական էին թվում»,- նշել է Օվերչուկը։

Հիմա եթերում