Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող կողմերի հետ. Պուտին

20 Սեպտեմբերի 2023, 15:19

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի հետ և հույս է հայտնել, որ կկարողանան հասնել իրավիճակի ապաէսկալացիայի և խնդրի խաղաղ լուծման:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահը ընդգծել է.

«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ կհասնենք ապաէսկալացիայի և կկարողանանք խնդրի լուծումը խաղաղ հուն տեղափոխել»:

Պուտինը հավելել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման ճամբարում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան հազար երեխա։ Նրա խոսքով, Ղարաբաղում խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ, ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։

«Մեր խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Նրանք ամեն ինչ անում են խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը: