Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ. Վլադիմիր Կիրեև

Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպությանն անդամակցելու հարցում Հայաստանի քաղաքական սթափության հույս ունի:

«Հայաստանի ղեկավարությունը 2018 թվականից իշխանության գալուց անմիջապես հետո սկսել է հայտարարություն անել, որ բավարարված չէ Ռուսաստանի հետ համագործակցությունից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ԵԱՏՄ-ին մասնակցությունից և այդ բոլոր կառույցները դիտարկել է որպես իրենց համար ոչ շահավետ։ Եվ դա տեղի էր ունենում սկզբում մեղմ ձևով, իսկ 2020 թվականից և Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո Հայաստանի ղեկավարությունը սկսեց ուղիղ խոսել այն մասին, որ ՀԱՊԿ-ն անտեսել է Հայաստանի անվտանգության հարցերը, ոչ մի օգնություն չի ցուցաբերել և գրեթե ամբողջ Կազմակերպությունը մի կողմ է քաշվել՝ դրանով իսկ խախտելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն է արել այն մասին, որ Հայաստանը ծրագրում է դադարեցնել իր անդամակցությունը կազմակերպությանը՝ ստեղծելով պայմանագրային պարտավորություններ արևմտյան երկրների, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի անվտանգութունն ապահովելու համար: Իր հերթին, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից Հայաստանին խնդրում են հետաձգել դա և ավելի հավասարակշռված որոշում կայացնել՝ ասելով, որ հենց ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն են ապահովում անվտանգությունը տարածաշրջանում», — ասել է Կիրեևը։

Փորձագետի կարծիքով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի և Թուրքիայի համար կարող է թվալ հենց այն հնարավորությունների պատուհանը, որպեսզի լուծեն իրենց տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ:

«Պետք է նշել, որ երկու կողմերն էլ իրենց բավականին երկիմաստ են պահում, քանի որ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից իսկապես չեզոք դիրքորոշում է նկատվում Հայաստանի նկատմամբ։ Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին, Ռուսաստանն ուղղակիորեն խոսում էր այն մասին, որ չի երաշխավորում նրա անվտանգությունը, քանի որ միջազգային օրենսդրության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, և նույնիսկ Հայաստանն ինքը չի ճանաչում նրա անկախությունը։ Մյուս կողմից, հայկական ղեկավարությանը դժվար է կասկածել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հանդեպ ինչ-որ համակրանքի մեջ։

Շատ լուրջ մեղադրանքներ և կշտամբանքներ են այն, որ հայկական ղեկավարությունը հատուկ որևէ պաշտոնական պահանջ չի ուղղել, սաբոտաժի է ենթարկել կազմակերպության գործունեությունը, որպեսզի հետագայում կազմակերպությանը մեղադրեն անգործունակության և փաստացի ինքնալուծարման մեջ։ Եվ հենց սկզբից նրանք նման երկիմաստ քաղաքականություն են վարել ՀԱՊԿ-ի նկատմամբ։ ՀԱՊԿ-ին ուղղված բոլոր դիմումները եղել են զանգվածային լրատվության միջոցներով, այլ ոչ թե պաշտոնական իրավական գործիքների միջոցով, այդ թվում՝ հարցումներ գրելու միջոցով։ Եվ այս ամենը կարող է հանգեցնել մի շարք հարցերի: Որովհետև մի կողմից Ռուսաստանն իսկապես վերանում է այդ տարածաշրջանից, ՀԱՊԿ-ը վերանում է որպես գործոն։ Մյուս կողմից, դժվար թե Արևմուտքը երկրին որևէ աջակցություն ցույց տա։ Ընդ որում, միանգամայն կարելի է կասկածել, որ արևմտյան երկրները իրավիճակի սրացում են հրահրում։ Եվ թե ինչպես կվարվեն Ադրբեջանն ու Թուրքիան այս իրավիճակում, դժվար է կանխատեսել, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի համար դա կարող է թվալ հենց այն հնարավորությունների պատուհանը, որպեսզի լուծեն իրենց տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ», — նշել է Կիրեևը։

Փորձագետի խոսքով՝ սրանք Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենասառը հարաբերություններն են անկախության ողջ ընթացքում:

«Հարկ է նշել, որ սրանք Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենասառը հարաբերություններն են անկախության ողջ ընթացքում։ Բայց այս ամենով հանդերձ, Ռուսաստանն, այնուամենայնիվ, շահագրգռված է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը, որպեսզի տարածքային պահանջներ չլինեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի անկախության պահպանմամբ, սակայն անվտանգության ապահովմանն ակտիվ մասնակցություն ունենալ այլևս չի կարողանա այն պատճառով, որ ռուսական զինված ուժերի հեռանալուց, Հայաստանից ռազմակայանների դուրսբերումից հետո, իրավիճակի վրա ազդելու միջոցները շատ ավելի քիչ կլինեն», — եզրափակել է Կիրեևը։