Ռուսները չեն կարող հայերից ավելի հայ լինել․ Նիկոլայ Սիլաև
12 Դեկտեմբերի 2025, 22:00
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման կուրսի և Երևանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման վերաբերյալ։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը պահպանվում է, իսկ ԵՄ ձգտելու մասին օրենքը դեռ ավելի շատ հռչակագրային է։
«Հայաստանը որոշակի քայլեր է ձեռնարկում անվտանգության ոլորտում հեռավորություն պահպանելու համար․ դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մասամբ կրճատել է ռուսական ռազմական ներկայությունը, բայց իրավական առումով առայժմ կտրուկ որոշումներ չկան։ Կարելի է ասել, որ Հայաստանը «նստած է դռան առաջ», հետևում է Եվրոպային՝ չանելով վերջնական քայլ ոչ այս, ոչ էլ այն կողմ։ Ղեկավարությունը կարծում է, որ այս ուղղությունը համապատասխանում է իր շահերին. մի կողմից՝ ֆլիրտ Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ կապերից ստացվող օգուտների պահպանում։ Մոսկվայի և միջազգային դիտորդների համար սա սովորական պատկեր է՝ բազմավեկտոր քաղաքականություն, որը շարունակվում է արդեն մի քանի տարի, և դրանում առանձնահատուկ նորություն չկա։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքականությունն, իմ կարծիքով, ուղղված է Ռուսաստանի հետ դաշինքից աստիճանաբար հեռանալուն։ Երկրի ղեկավարությունը, հավանաբար, ձգտում է ինքնուրույն արտաքին քաղաքական դերակատարի կարգավիճակի, բայց միևնույն ժամանակ նախընտրում է երկրի ճակատագիրը չկապել ՌԴ-ի հետ։ Հայաստանն աստիճանաբար հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպական միության հետ, որը հետաքրքրություն է ցուցաբերում երկրի նկատմամբ»,- ասել է Նիկոլայ Սիլաևը։
Քաղաքագետի խոսքով՝ ներկայիս ուղղության շարունակությունը կարող է հանգեցնել նրան, ոչ Հայաստանն աստիճանական կվերածվի Թուրքիայի և Ադրբեջանի արբանյակի։
«Սա կարևոր հարց է ոչ միայն հենց Հայաստանի, այլև նրա բոլոր հարևանների ու գործընկերների համար։ Հայկական ազգային գաղափարը Կովկասում և Սփյուռքում տասնամյակներ շարունակ եղել է միջազգային քաղաքականության կարևոր գործոն։ Եթե Հայաստանը հրաժարվում է այդ գաղափարից, դա փոխում է նաև մյուս երկրների մոտեցումը նրա արտաքին քաղաքականության նկատմամբ։ Օրինակ կարող է ծառայել Ադրբեջանի հետ համաձայնագիրը. եթե այն ստորագրվի և վավերացվի ներկայիս տեսքով, Հայաստանը փաստացի զիջում է իր ինքնիշխանության մի մասը։
Նույնը վերաբերում է «Թրամփի ուղու» կառուցմանը, որը ներառում է նաև ԵԱՏՄ արտաքին սահմանը։ Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկում այդ հարցը ԵԱՏՄ գործընկերների հետ, իսկ մաքսային սահմանի խախտման դեպքում անխուսափելիորեն դաշնակիցները կարձագանքեն։ Միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ, որ ռուսները չեն կարող հայերից ավելի հայ լինել։ Մենք կարող ենք արտահայտել մեր կարծիքը, որն, ինչպես հասկանում եմ, հաճելի է լսել պաշտոնական Երևանին, բայց մենք ի վիճակի չենք առանցքային քաղաքական որոշումներ կայացնել հայ հասարակության փոխարեն»,- եզրափակել է Սիլաևը։