Ռուսները գնացին Հայաստանից տների բարձր վարձերի պատճառով․ Կարապետ Հովհաննիսյան

05 Օգոստոսի 2024, 21:50

Քաղաքականություն

Ակնհայտ է, որ ռուսների թիվը պակասել է Հայաստանում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է անկախ փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։

«Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ռուսները եկան Հայաստան։ Դրանից մեկ տարի հետո սկսեցին տները հանձնել ու գնալ, պատճառաբանում էին հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաև անվտանգության գործոնը, դրան գումարած բնակարանների վարձերի բարձր գները։ Շատ թռիչքային բարձրացավ անշարժ գույքի գինը։ Այսօր այդ վարձերին համապատասխան՝ կարելի է ավելի հարմար երկրներ գնալ։ Ակնհայտ է, որ ռուսների թիվը պակասել է Հայաստանում»,- ասել է փորձագետը։

Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է թողնել, որ անշարժ գույքի գները սահուն ձևով անկում ապրեն, որ քաոտիկ վիճակ չստեղծվի։

«Եկամտահարկի օրենքի հետ կապված Կենտրոնական բանկն էլ նշում է, որ 4 անգամ թանկացել է անշարժ գույքը այդ օրենքից հետո։ Դրանից հետո եղան 2018-ի հայտնի դեպքերը, երբ վարչապետը փողոցից հայտարարեց՝ Հայաստանում 30 տոկոս գնաճ է արձանագրվել, առանց այդ էլ թանկ էին գները։ Դրանից հետո սկսվեց ամեն ինչ․ մարդիկ սկսեցին տներ գնել, որին հաջորդեց ռուսների մուտքը Հայաստան։

Մեր ժողովուրդը տպավորություն ուներ,որ ռուս-ուկրաինական պատերազմը հավերժ է լինելու, իսկ տուրիստներն էլ հավերժ մնալու են այստեղ։ Կառավարությունն էլ կարծես հակառակ մոտեցում ունի․ մեկ Կադաստրի կոմիտեն է հայտարարում, որ ամեն ինչ լավ է, մեկ Կենտրոնական բանկը։ Իմ կարծիքով՝ պետք է թողնել, որ գները կայուն սահուն անկում ունենան։ Եթե այդպես չես անում, դա լինելու է քաոտիկ անկում, որը բերելու է կոլապսի»,- եզրափակել է Կարապետ Հովհաննիսյանը։

Հիմա եթերում