Ռուզաննա Լիսիցյանը՝ երիտասարդ կատարողների ռուսական մրցույթի ժյուրիի անդամ
31 Հոկտեմբերի 2024, 20:10
Հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի, համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ռուզաննա Լիսիցյանն ընդգրկվել է Բալակիրևի անվան երիտասարդ կատարողների 10-րդ ռուսական մրցույթի ժյուրիի կազմում, որն անցկացվում է հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Նիժնի Նովգորոդում։
Միջոցառմանը մասնակցում է շուրջ 100 երիտասարդ կատարող։ Մրցութային ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ինչպես նաև գալա համերգ և մրցույթի հաղթողների պարգևատրում:
Ռուզաննա Լիսիցյանը ծնվել է խորհրդային հայտնի օպերային երգիչ Պավել Լիսիցյանի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի տավիղի բաժինը։
Նա ռուսական երաժշտական մի շարք մրցույթների ժյուրիի անդամ է։ Ռուզաննան քրոջ՝ Կարինայի և եղբոր՝ Ռուբենի հետ ստեղծել է Պ.Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որի շրջանակներում կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ։