Որտեղ է հիմնավորումը, որ ջայլամի նման գլուխդ հողի մեջ ես մտցրել, դրանից անվտանգությանդ հարցը լուծել ես․ Կարեն Բեքարյան

27 Դեկտեմբերի 2023, 23:05

Քաղաքականություն

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասել է, որ շատերը Հայաստանում սադրանք անելու առիթ են փնտրելու։

«Հայե՛ր, կլինեք Սփյուռքում, թե Հայաստանում, եթե ինչ-որ ավելորդ քայլ արեցիք, որը չի հատվում իրենց խաղաղության օրակարգին, հետո կդառնաք պատասխանատու հերթական ագրեսիայի ու մեր անվտանգային բավականին լուրջ կորուստների։ Առաջին հայացքից թվում է՝ տրամաբանական է։ Ամբողջ ցավը նրանում է, որ միայն առաջին հայացքից։ Իսկ Ադրբեջանը մինչև հիմա ցույց է տվել, որ ինքը այնքան վստահելի գործընկեր է ու գործընթացներում ունի այն կարգի նվիրում, որ իր գործողությունները պայմանավորվում են պրովոկացիա անել-չանելով, ինքը նախագծել է իր գիծը ու շատ հետևողական գնում է առաջ։

Եթե մարդը առիթ է փնտրում, Երևան քաղաքի որևէ թաղամասում, օրինակ՝ Չարբախում, շենքերից մեկի վրա նկարած ԼՂՀ դրոշը կարող է իրեն համար առիթ ստեղծի՝ որպես պրովոկացիա։ Հետևաբար, հարց է առաջանում՝ որտեղ է այն հիմնավորումը, որ երբ պատի ծակ ես մտել, ջայլամի նման գլուխդ հողի մեջ ես մտցրել, դրանից անվտանգությանդ հարցը լուծել ես, որտե՞ղ է այդ հիմնավորումը։ Վերջին տարիները որևէ կերպ նպաստել են, որ մենք սա ընդունե՞նք որպես հիմք ու շարժվե՞նք դրանով»,- հռետորական հարց է տվել Բեքարյանը։

Քաղաքագետն ասել է, որ մեր մեջ կան ջայլամի մի քանի տեսակներ․

«Մեր մի հատվածը կամովին է ջայլամ դարձել, մի հատվածը տվայտանքի մեջ է՝ լինել, թե չլինել ջայլամ, մյուս հատվածը վախեցնում է տվայտանքի մեջ լինողներին, պատասխանատու թևերը սկզբից ծանր են միգուցե տանում ջայլամությունը որպես կատեգորիա, հետո դրա մեջ փորձում են ֆիքսել ինքնամխիթարանք ու սեփական անձով պայմանավորված ոչինչ չանելու շատ լավ հիմնավորում։ Ժողովուրդ, այսպես ո՞ւր կհասնենք։ Որտեղ է այն վերջակետը, որ ջայլամին կհուշի՝ կարելի է գլուխը հանել»։

Նա ընգծել է, որ անվտանգային լուրջ փուլում պետք չէր, որ Հայաստանը մտներ տրանսֆորմացիոն ինչ-որ փուլեր․

«Եթե մի պահ պատկերացնենք, որ այս ամեն ինչում ինչ-որ օբյեկտի հատիկ կա, այսինքն անվտանգային այն վիճակում ենք, որ ամեն ինչ ռիսկային է։ Պարզ հարց՝ քո առաջնահերթ խնդիրը որպես պետություն պիտի լիներ քո անվտանգության մաքսիմալ ապահովումը՝ երաշխիքները ներառյալ, ոչ թե պիտի որոշեիր հենց այդ ընթացքում մտնել տրանսֆորմացիոն փուլեր»,- եզրափակել է Կարեն Բեքարյանը։

Հիմա եթերում