Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է

22 Հունիսի 2024, 11:17

Մշակույթ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը։

Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում Հայոց աշխարհում:

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը։