Սա աննախադեպ հայտարարություն է, ցավոք սրտի, այս ամենը մեզ լավ տեղ չի տանելու․ Գրիգոր Բալասանյան

Ինձ թվում է Մոսկվայում արդեն վերջին կետին են հասել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«Սա առաջին դեպքն էր, երբ Ռուսաստանից ուղիղ ձևով կողմնորոշվելու խիստ առաջարկ հնչեց Հայաստանի ղեկավարությանը: Տևական ժամանակ Մոսկվան Հայաստանի ղեկավարության կողմից հնչած հայտարարություններին չէր արձագանքում, բայց տպավորություն է քնում-զարթնում էին ու որոշում՝ մի օր ՀԱՊԿ-ից դուրս են գալիս, մի օր՝ ոչ, հետո ասացին՝ կսառեցնենք: Բայց երբ փորձագետները նշեցին, որ սառեցում հասկացություն չկա ու նման բան հնարավոր չէ, արդեն բացահայտ շանտաժ գնաց, թե հեսա դուրս կգանք: Ինձ թվում է՝ Մոսկվայում արդեն վերջին կետին են հասել ու հենց սրանով է պայմանավորված Լավրովի նման հայտարարությունը: Նա ասում է՝ հիմա էլ մենք ենք դիմելու Հայաստանին, որ կողմնորոշվեն՝ մնում են ՀԱՊԿ-ում, թե ոչ: Սա աննախադեպ հայտարարություն է, և ցավոք սրտի, այս ամենը մեզ լավ տեղ չի տանելու»,- ասել է Բալասանյանը:

Միջազգայնագետն ընդգծում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն ստիպված կլինի դուրս գալ նաև ԵԱՏՄ-ից:

«Լավրովը խոսեց նաև ԵԱՏՄ-ի մասին: Ասաց՝ Հայաստանն այնտեղ դեռ մնում են, քանի որ կարծում է՝ օգուտ ունի: Սովորաբար միջազգային հարաբերություններում գոյություն ունի մի այսպիսի ձևաչափ․ եթե դու անվտանգության համակարգի մեջ ես, ուրեմն դու պետք է ամբողջությամբ դրա մեջ լինես: Պետք է հասկանալ, որ և՛ ՀԱՊԿ, և՛ ԵԱՏՄ կազմակերպություններն իրենք միասնական անվտանգային համակարգի մաս են կազմում: Ստացվում է, եթե դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից, ուրեմն պետք է դուրս գաս նաև ԵԱՏՄ-ից:

Այսինքն՝ այն ենթակառուցվածքները, որոնք ՀԱՊԿ-ն ունի այստեղ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միասնական համակարգը ևս պետք է միասին դուրս գան: Այդ ամենը շատ վտանգավոր է, քանի որ ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ֆրանսիան կամ այլ երկիր ուղղակի չեն կարող այդ ծավալն ապահովել Հայաստանին, իսկ տնտեսական առումով հետևանքները լինելու են աղետալի: Մեր հասարակությունը պետք է հասկանա՝ խնդիրը պետության ապագային է վերաբերում և Հայաստանի՝ որպես պետության զարգացման հնարավորություններին»,- եզրափակել է Բալասանյանը: