Սա ապօրինի անցակետ է, սա բացարձակապես անօրինական սադրանք է. Նատալյա Նարոչնիցկայա
04 Օգոստոսի 2023, 13:28
«Պատմական հեռանկար» հիմնադրամի նախագահ, պատմության դոկտոր Նատալյա Նարոչնիցկայան Alpha News-ի հետ զրույցում խոսել է Արցախի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման վտանգի մասին, ինչպես նաև համեմատել է լիբերալ-ազատական և եվրասիական արժեհամակարգերը։
«Սա ապօրինի անցակետ է։ Այս սադրանքը բացարձակապես անօրինական է։ Իսկ արցախցիները, ըստ ադրբեջանական կողմի, աստիճանաբար ընտելանալու են այն մտքին, որ ավելի լավ է՝ հեռանալ, քան ենթարկվել մշտական բռնությունների, սադրանքների, սպանությունների և անտանելի կյանքի»,- ասել է Նարոչնիցկայան։
Մեկնաբանելով Արցախում հայկական պատմական հուշարձանների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները՝ փորձագետը համեմատել է դրանք Աֆղանստանում թալիբների գործողությունների հետ։
«Դա տեղավորվում է ընդհանուր քաղաքականության մեջ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սոցիալական կամ մշակութային առումով հայերով բնակեցված տարածքը ամբողջությամբ ինտեգրել իր ադրբեջանական երկրին, ապա բոլոր նման դեպքերում սկսում են ջնջվել վտարել ցանկացող այլ ժողովրդի հնագույն պատմական ներկայության հետքերը, ինչպես թալիբներն են ժամանակին պայթեցրել քանդակներ, ինչպես Լեհաստանն է ոչնչացրել առաջին տպագրիչ Ֆեդորովի գերեզմանը Լվովում»,- նշել է նա։
Նարոչնիցկայան խորհուրդ է տվել դիմել ՄԱԿ-ի կառույցներին՝ Արցախի մշակութային հուշարձանները փրկելու համար, սակայն նա իրակնաում չի հավատում, որ միջազգային կառույցներին դիմելը կարող է ինչ-որ օգուտ տալ:
«Այստեղ, իհարկե, պետք է կապ հաստատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ և դրանում ներգրավել ՄԱԿ-ին, սակայն, ինչպես տեսնում ենք, մնացած բոլոր դեպքերում, ՄԱԿ-ը գտնվում է ամերիկացիների վերահսկողության տակ և երբեք չի միջամտում այնտեղ, որտեղ հավանություն չի ստանում»,- ասել է նա:
Անդրադառնալով տարածաշրջանում ռուսական ներկայության հարցին՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չպետք է հեռանա Հայաստանից. «Դուք պետք է հասկանաք, որ Արևմուտքը չի փրկի Հայաստանը։ Նրա նպատակն է այնտեղից դուրս մղել ռուսական ազդեցությունը և, հնարավորության դեպքում, նույնիսկ, ներքաշել հակամարտության մեջ, եթե այդպիսին կա, որպեսզի ուժերը շեղի ուկրաինական պատերազմից»,- նշել է փորձագետը։
«Ադրբեջանը չի պատրաստվում օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-մշակութային, ազգագրական, ժողովրդագրական ամբողջական վերադարձը Ադրբեջանին… Միայն Ռուսաստանը կարող է լինել Ղարաբաղի հայերի՝ գոնե որոշակի կայունության և անվտանգության միակ երաշխավորը», — հավելել է Նարոչնիցկայան։
Փորձագետը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը ռիսկի չի դիմի եւ Արցախում ռուս խաղաղապահների հետ բախման չի գնա։ «Կարծում եմ, որ մենք ոչ մի դեպքում, առանց ինչ-որ ճնշումների ենթարկվելու, չպետք է հեռանանք այնտեղից։ Նկատի ունեմ բազաները, խաղաղապահները։ Ադրբեջանցիները կվախենան կրակել ռուս խաղաղապահների վրա, դա կլինի պատերազմ Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Նարոչնիցկայան։