«Սա արյունաքամության մի ամբողջ շղթա է, որը պետք է կանգ առնի». Բագրատ Սրբազան
16 Մայիսի 2024, 16:41
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք հետևյալը՝ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից: Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այսօր մեր կյանքում անհրաժեշտություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ վերացնել պատճառները: Իսկ պատճառը մեկն է՝ այն Երևանում է: Եվ այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, նվիրումով հեռացնել այս իշխանությանն իր ամբողջ ապօրինություններով հանդերձ: Սա արյունաքամության մի ամբողջ շղթա է, որը պետք է կանգ առնի: Մենք մեր անհամաձայնությամբ և առաջիկա գործողություններով պիտի ընթանանք առաջ: Մենք պետք է հասնենք արդյունքի, և այդ արդյունքը չակնկալիքների պայքար է, այն ստի և կեղծիքի պայքար է«,- ասել է Սրբազանը:
Նա իր խոսքում զորակցություն է հայտնել կիրանցիներին և վստահեցրել՝ նրանց արցունքներն անպատասխան չեն մնալու:
«Կիրանցի մեր հայրենակիցները, տնազուրկ դարձած, հայտնվել են փողոցում: Նրանց արցունքներն անպատասխան չեն մնալու: Եվ դրանք իրականացվելու են շատ շուտով, այլ ճանապարհ չկա: Կամ այսօր, կամ երբեք: Մենք պետք է ազատագրենք մեր հայրենիքը»,- ասել է Բագրատ Սրբազանը։