Սա դաշնակցության դեմ արշավ է․ Քրիստինե Վարդանյան

11 Հուլիսի 2025, 15:25

Քաղաքականություն

Իշխանությունները ՀՅԴ-ականների ձերբակալություններով պետք է ֆոն ապահովեին և կառույցին մեղադրեին ահաբեկչության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա նաև հիշեցրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությունը, թե «պետք է փակել Դաշնակցությունը»։

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ՀՅԴ-ն երբևէ որևէ ահաբեկչություն չի պլանավորել և երբեք էլ չի պլանավորելու, քանի որ չեք կարող գտնել մի դեպք, երբ ՀՅԴ-ն իր զենքը, բռուցքն ուղղել է ազգի, հայի դեմ։ Այն միշտ ուղղված է եղել հայ ազգի թշնամիների դեմ»,- նշել է նա։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ սա դաշնակցության դեմ արշավ է։

«Սա նրա համար չի, որ Անդրանիկ Չամիչյանին ձերբակալեն, դաշնակցականներից մի քանիսին ապօրինի զրկեն ազատությունից։ Սա դաշնակցության դեմ արշավ է, ինչպես եկեղեցու դեմ է արշավ իրականացվում։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչու են սա իրականացնում, ինչ են անելու առաջիկայում, որ նման արշավների կարիք ունեն։

ՀՅԴ-ն փակելու մասին հայտարարություններն արվում են զուգահեռ այն գործողություններին, որոնք իրականացվում են, դրանով իսկ ցույց են տալիս, որ այս գործողություններն իրավական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատաճ, քաղաքական նպատակադրումներ»,- ասել է պատգամավորը։

Հիմա եթերում