Սա Հայաստանի դիրքորոշմանը որոշակիություն հաղորդելու փորձ է. քաղաքագետը՝ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցի մասին
06 Մարտի 2024, 22:30
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
«Ինձ թվում է, որ սա Հայաստանի դիրքորոշմանը որոշակիություն հաղորդելու փորձ է։ Եթե դուք դուրս եք գալիս ՀԱՊԿ-ից, ապա դուրս եկեք։ Եթե ցանկանում եք կենտրոնանալ Ֆրանսիայի վրա և պատրաստ եք զենք ստանալ, ապա դա անհամատեղելի է ՀԱՊԿ-ին անդամակցելու հետ։
Ֆրանսիան այժմ հանդես է գալիս որպես Ռուսաստանի հակառակորդ, իսկ Ֆրանսիայի նախագահը հանդես է գալիս Ուկրաինա զորք ուղարկելու օգտին՝ Ռուսաստանի զինված ուժերի հետ պատերազմի համար։
Այդ դեպքում կողմնորոշվեք, որովհետև բնական է, որ այդ գործողություններն իրենց հետ կբերեն մի շարք հետևանքներ, որոնք շատ կարևոր են Հայաստանի, հնարավոր է նաև Ռուսաստանի համար, բայց ամեն դեպքում Հայաստանի համար դրանք ավելի նշանակալի կլինեն, քան Ռուսաստանի՝ այս երկու պետությունների ուժերի տարբերության պատճառով»,- ասել է Բեզպալկոն։
Փորձագետի կարծիքով՝ վաղ թե ուշ այդ հակասությունները բերելու են նրան, որ պետք է որոշում կայացվի կամ Երևանում, կամ Մոսկվայում։
«Հայաստանի դիրքորոշումը շատ տարօրինակ է: Մի կողմից հետևում են որոշ հրապարակային հայտարարություններ, գործողություններ, որոնք մենք կարող ենք հստակ գնահատել որպես ոչ բարեկամական, և հետո նրանք հայտարարում են, որ ո՛չ, մենք մնում ենք բոլոր ինտեգրացիոն միությունների կազմում։ Բայց դուք արդեն ինչ-որ կերպ կողմնորոշվեք, քանի որ վաղ թե ուշ այդ հակասություններն արդեն կհանգեցնեն նրան, որ ստիպված կլինեք որոշում կայացնել կամ Երևանում, կամ Մոսկվայում։ Կարծում եմ՝ երկու նախարարների զրույցը հենց սրա շուրջ էր։Եվ այն, որ դա արտացոլված չէ Ռուսաստանի ԱԳՆ կայքում, վկայում է այն մասին, որ այս խոսակցությունը բավականին կարևոր էր և ոչ պաշտոնական»,- եզրափակել է Բեզպալկոն։