Սա հումանիտար ողբերգություն է. Հայաստանում ենք՝ արտահայտելու մեր համերաշխությունը. Լուիզ Մուշիկիվաբո
18 Հոկտեմբերի 2023, 14:24
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել իր համերաշխությունը արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:
Նա Երևանում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպությունում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների, ֆրանսերենի մասնագետների հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրավիճակը, կիսվեցին իրենց պատմություններով:
«Ցավոք սրտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չունի մանդատ ու միջոցներ, որ որոշումներ կայացնի կամ իր դիրքորոշումն արտահայտի հակամարտության վերաբերյալ: Իհարկե, մենք շատ լավ գիտենք պատմությունը, բայց մենք սահմանափակված ենք մեր մանդատով:
Առանց փորձագետ լինելու, առանց քաղաքական հարցերի վերաբերյալ մանդատ ունենալու էլ միանշանակ է այն, որ սա հումանիտար ողբերգություն է, որը մեզ բնականաբար հուզում է: Այն փաստը, որ մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենի հողը, մեզ հուզում է, մենք հասկանում ենք: Եվ շատ կցանկանայինք, որ այսօր լիներ որոշակի որոշում, որը կթեթևացներ այս մարդկանց, այս երիտասարդների ճակատագիրը, որ հիմա այստեղ են:
Մենք փաստորեն ավելի շատ հումանիտար, կրթական, մարդկային ասպեկտի կողմից ենք փորձում այս ողբերգությանը հետևել, իհարկե, հեռվից էլ էինք հետևում, բայց ցանկացանք այստեղ լինել, հանդիպել և լսել նրանց»,-նշել է Լուիզ Մուշիկիվաբոն: