Սա միայն տավուշցիների խնդիրը չէ, մեր ժողովուրդը պետք է ընդվզի էս ապօրինության դեմ. Բագրատ Սրբազան

Երրորդ օրն է՝ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար համայնքների բնակիչները փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց եւ Ոսկեպար գյուղերի հատվածում: Բնակիչները դեմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների նախնական համաձայնությամբ սահմանազատման գործընթացին, ըստ որի՝ «Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Սրա հետևանքով հայկական կողմը պետք է հետ քաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Alpha News-ը զրուցել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, որն այս օրերին բնակիչների հետ պայքարի մեջ է: Սրբազանը հարցազրույցի ժամանակ գտնվում էր Կիրանց համայնքում, բայց նրա փոխանցմամբ, այսօր ականազերծողների խումբ է գնացել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք՝ ականազերծում անելու նպատակով:

«Ամեն բան պետք է տեղի ունենա օրինականության սահմանում: Մարդ չի հասկանում, թե ինչ քարտեզով են աշխատում, ինչ են ընդհանրապես անում: Ժողովուրդը իր կամքից չի նահանջում, չի նահանջելու: Սա մեր պետականության վերջին հանգրվանն է լինելու, սրան հաջորդելու են 4 անկլավների հարցը, ՀՀ-ն հայտնվելու է շրջափակման մեջ, մեր երկիրը այլևս կենսունակություն չի ունենալու, եթե այս գործընթացը տեղի ունենա: Խաբում են, թե երկուսուկես գյուղ են տվել ու դիմացը ստացել անվտանգության ռիսկերի նվազեցում: Սա ապօրինի քայլ է, մեր ժողովուրդը պետք է ընդվզի, սա միայն տավուշցիների խնդիրը չէ, սա ամբողջ հայ ժողովրդի հարցն է: Յուրաքանչյուրը պետք է իր կեցվածքը հայտնի»,- ասաց Սրբազանը: