18-ամյա Անդրանիկ Չամիչյանին կալանավորել են նրա համար, որ սիրել է ստրայքբոլ խաղալ․ Ժորա Ավդալյան
11 Հուլիսի 2025, 15:18
ՀՅԴ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին կալանավորել են զուտ նրա համար, որ սիրել է ստրայքբոլ խաղալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։
«Ոչ մի անօրինական բան չի ունեցել իր մոտ։ Այն ամեն ինչն, ինչ Անդրանիկ Չամիչյանը ունեցել է, ամեն պատահած խանութից կարելի է գնել։ Սա ուղղակի աբսուրդ է և ծիծաղելի։ Մյուս մեր ընկերների տնից հայտնաբերված իրերը նույնպես օրինական են։ Նույնիսկ հրապարակված նկարի կողքը այդ իրերի իրավունքները դրված են»,- նշել է նա։
Դիտարկմանը, թե ՔԿ-ն հայտարարել է, որ նաև մարտական նռնակ են հայտնաբերել, Ժորա Ավդալյանն ասել է, որ իրենց երիտասարդական միությունը որևէ նմանատիպ նռնակ չունի և չի կարող ունենալ․ «Ես տեսա քննչականի հայտարարությունը, որում ասվում էր՝ այդ նռնակն իրական է, բայց այս պահին դրա վերաբերյալ որևէ բան չունեմ ասելու, որովհետև մենք որպես միություն և որպես կուսակցություն նման բան չունենք»։
Հարցին, թե «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկները ևս գործում ներառվել է որպես իրեղեն ապացույց, Ավդալյանը հիշեցրեց, որ 1890 թվականից սկսած դա ՀՅԴ-ի կարգախոսն է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամ Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվել է։ Ձերբակալված 7 դաշնակցականներից մեղադրյալ է միայն Չամիչյանը՝ ահաբեկչության նախապատրաստության հոդվածով: