«Սա ՔՊ-ի կողմից ուղղորդված էր». մանրամասներ Մարտունիում «Հայաքվե»-ի ներկայացուցիչների վրա հարձակումից
12 Հուլիսի 2023, 17:35
Մարտունի քաղաքում այսօր՝ հուլիսի 12-ին, հարձակում է տեղի ունեցել «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչների վրա: Alpha News-ի հետ զրույցում նախաձեռնության Մարտունու համակարգող Նաիրի Հոխիկյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու համայնքապետարանի հարակից տարածքում, որտեղ ընթանում էր «Հայաքվե»-ի ստորագրահավաքը:
Հոխիկյանը պատմեց, որ սա երկրորդ անգամն է, երբ այդ նույն մարդիկ փորձում են խոչընդոտել ստորագրահավաքի ընթացքը: Նման միջադեպ տեղի էր ունեցել նաեւ օրեր առաջ:
«Այսօր ժամը՝ 10-ի սահմանում 10-ից 12 հոգի մոտեցել են գրասենյակին եւ խուլիգանական գործողություններ արել՝ պատռել թղթերը, քաշքշել, վիրավորել են «Հայաքվեի» ներկայացուցիչներին եւ սպառնացել, որ նրանք հեռանան: Նաեւ մոտեցել են ստորագրողներին, պահանջել, սպառնացել, որ չմասնակցեն ստորագրահավաքին»,- պատմեց Նաիրի Հոխիկյանը:
Հոխիկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ խուլիգանության եւ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու համար:
Ըստ Հոխիկյանի՝ ստորագրահավաքը խոչընդոտողներից երեքի ինքնությունն արդեն պարզվել է:
Նրանք են՝ Գեւորգ Հրաչի Հայրապետյանը, Սամվել Ազարետի Մանուկյանն ու Մանվել Բուրչիբեկի Բեհբությանը: Հոխիկյանի փոխանցմամբ՝ Սամվել Մանուկյանը բերման է ենթարկվել Մարտունու ոստիկանություն եւ բացատրական աշխատանքներից հետո ազատ արձակվել:
«Թե՛ այսօրվա, թե՛ նախորդ միջադեպի ժամանակ այս մարդկանց կողքին է եղել Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչը, որը որեւէ գործողություն չի ձեռնարկել, չի արձանագրել ոչինչ: Մոտակայքում են եղել նաեւ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, որոնք Մարտունիում ինչ-որ «դեր» են խաղում: Տպավորություն է ստեղծվել, թե այդ մարդիկ վերահսկում են իրավիճակը եւ ուղղորդում: Մարտունիում շատ մարդիկ են մոտենում, նշում, որ պետական հիմնարկներում իրենց սպառնում են, որ չմիանան այս ստորագրահավաքին: Այս միջադեպն էլ իր ազդեցությունն ունեցավ՝ վախի մթնոլորտ կա, բայց իզուր, եկե՛ք, տե՛ր կանգնեք ձեր ստորագրությանը, դուք ստորագրում եք, բայց իշխանության մի քանի թափթփուկներ, մանկլավիկներ փորձում են առոչինչ սարքել ձեր ստորագրությունները»,- հավելեց Նաիրի Հոխիկյանը:
Հիշեցնենք՝ «Հայաքվեն» օրենսդրական նախաձեռնություն է, որով առաջարկվում է քրեորեն պատժել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողություններ անելու համար։
Ստորագրահավաքը սկսվել է հունիսի 21-ից եւ մինչեւ օգոստոսի 19-ը «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խումբը պետք է 50 000 ստորագրություն հավաքի, որպեսզի խորհրդարանում նախագիծը քննարկվի եւ քվեարկության դրվի։