Սա Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեծ հաջողությունն է․ Գեորգի Ասատրյանը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

18 Օգոստոսի 2025, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի տնօրենի տեղակալ Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ալյասկայում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, ինչպես նաև Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։

Փորձագետի խոսքով՝ Ալյասկայում կայացած հանդիպումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեծ հաջողությունն է։

«Ես շատ դրական տպավորություններ ունեմ հանդիպումից։ Այն երկար էր նախապատրաստվում, դա տեսանելի էր, և, ամենայն հավանականությամբ, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, ընդունվել են մինչև այս հանդիպումը։ Միջազգային բյուրոկրատիայում միշտ այդպես է լինում, այդպիսի առաջնորդները չէին հանդիպի առանց բավականին լուրջ պայմանավորվածությունների։ Ուստի, կարծում եմ, որ ինչ-որ պայմանավորվածություններ կան, դրանց մասին, հավանաբար, կիմանանք ավելի ուշ, բայց հանդիպումը շատ դրական է, շատ լուրջ։

Ամերիկյան կողմը ռուս առաջնորդի հետ հանդիպման առիթով շատ լուրջ արարողակարգ է ցուցադրել։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները փոխըմբռնման որոշակի մակարդակ ունեն, հարգում են միմյանց, որ կա բավականին լուրջ երկխոսություն տարբեր մակարդակներում՝ տարբեր փորձագետների, գերատեսչությունների, դիվանագետների մասնակցությամբ։ Եվ, ընդհանուր առմամբ, սա դրական հանդիպում է։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման զարգացման գործում առաջընթացը, որը խարխլվել էր Բայդենի գլխավորությամբ դեմոկրատների նախորդ վարչակազմի շնորհիվ, հիմա արդեն այլ մակարդակի վրա է, այժմ ընթանում է հարաբերությունների կարգավորում։

Բայց գլխավոր թեման, իհարկե, ուկրաինական թեման է։ Եվ այստեղ, կարծում եմ, նույնպես կողմերի որոշակի մերձեցում կա։ Առաջընթաց նկատվում է։ Դեռ մեկ տարի առաջ մենք լրջորեն քննարկում էինք միջուկային աղետի հնարավորությունը։ Հիմա բոլորովին այլ վերաբերմունք կա, միջազգային գործընթացները բոլորովին այլ կերպ են զարգանում։ Թրամփի դիրքորոշումը ռուսական դիրքորոշմանը ավելի մոտ է, քան ուկրաինականին, և դա ակնհայտ է»,- ընդգծել է Ասատրյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Եվրոպան կձգտի տորպեդահարել Ալյասկայում տեղի ունեցած գործընթացները։

«Բնականաբար, և՛ գլոբալիստները Եվրոպայում, և՛ եվրոպացի առաջնորդները կձգտեն տորպեդահարել այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Ալյասկայում, նրանք դրանով ակտիվորեն կզբաղվեն։ Կհաջողվի դա նրանց, թե՝ ոչ, դժվար է ասել, եվրոպացիները ցանկանում են հակամարտության շարունակություն, նրանք այս դեպքում այն կողմն են, որը բացասաբար է ազդում միջազգային գործերի և Արևելյան Եվրոպայի իրավիճակի վրա»,- նշել է Ասատրյանը։

Միևնույն ժամանակ, փորձագետը հավելել է, որ դատելով ԵՄ երկրների իշխանությունների քաղաքականությունից՝ նրանք պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։

«Եվրոպացիները պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի։ Կարծում եմ՝ առաջիկա տասնամյակներում միջազգային հարաբերություններում պատերազմները բավականին հաճախակի երևույթ կլինեն։ Ցավոք, դա հնարավոր սցենար է։ Ես չգիտեմ, թե երբ, ինչպես և որքանով է դա անխուսափելի, բայց, կարծում եմ, դա միանգամայն հնարավոր սցենար է»,- նկատել է Ասատրյանը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի, Թրամփի և Ալիևի հանդիպումը Վաշինգտոնում զուր էր։

«Թրամփն, ամենայն հավանականությամբ, իսկապես ցանկանում է ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ և հաշտեցնել բոլորովին տարբեր կողմերի։ Իմ կարծիքով՝ այս հանդիպմանը ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։ Ստորագրվել է ինչ-որ հուշագիր։ Դա, իհարկե, խաղաղության համաձայնագիր չէ, դա չի փոխում ուժերի հավասարակշռությունը, դա չի մոտեցնում լուրջ և դրական հետևանքներին։ Ես պարզապես տեսնում եմ հարավկովկասյան երկու հանրապետությունների ցանկությունը՝ դուր գալ Թրամփին, ինչ-որ տեղ դա ռացիոնալ է, ինչ-որ տեղ ոչ այնքան, բայց, ընդհանուր առմամբ, ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Իմ կարծիքով՝ հանդիպումը զուր էր»,- ասել է Ասատրյանը։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի պայմանավորվածությունների վերաբերյալ Իրանի իբրև թե երկակի դիրքորոշմանը, ապա, փորձագետի կարծիքով, Իրանի պաշտոնական կարծիքը կտրուկ բացասական է։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում և Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմաններին ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությունը ծայրաստիճան բացասական է ընկալվում և որպես միջազգային անվտանգության սպառնալիք Իրանի համար։ Պարզապես դիվանագետները, նախագահը և, ընդհանուր առմամբ, ռեֆորմիստական թևը փորձում են հարցերը լուծել ավելի դիվանագիտական, մեղմ եղանակով և փորձում են ավելորդ անգամ չնյարդայնացնել Թրամփին։

Դա, իհարկե, սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության համար։ Ուստի, կարծում եմ, նրանք, համենայնդեպս, դիվանագիտական մակարդակում, կձգտեն դիմակայել այս երևույթին»,- եզրափակել է Ասատրյանը։

Հիմա եթերում