Սա շոու է, որը կազմակերպված է Թրամփի կողմից. Գրիգոր Բալասանյան

08 Օգոստոսի 2025, 23:56

Քաղաքականություն

Ադրբեջանը և ՀՀ-ն չեն ստորագրի խաղաղության որևէ պայմանագիր, որը հավանության չի արժանանա Թեհրանի և Մոսկվայի կողմից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Ես չեմ կարծում, թե այսօր ինչ-որ բան կստորագրվի։ Եթե հիշում եք, դեռ դեմոկրատների կառավարման ժամանակ Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրեց Վաշինգտոն 4 օրով, և ողջ Հայաստանը խոսում էր այն մասին, որ շուտով, այսպես ասած, խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը» կստորագրվի, բայց իրականում կողմերը անգամ համատեղ մամուլի ասուլիսով հանդես չեկան։ Ես միշտ ասել եմ և հիմա էլ մնում եմ այդ կարծիքին՝ Ադրբեջանը և Հայաստանը չեն ստորագրի խաղաղության որևէ պայմանագիր, որը հավանության չի արժանանա առնվազն Թեհրանի և Մոսկվայի կողմից»,- նշել է միջազգայնագետը։

Նրա կարծիքով՝ Թրամփին ընդամենը պետք է Նոբելյան մրցանակի դափնեկիր դառնալ։

«Սա շոու է՝ կազմակերպված Թրամփի կողմից։ Թրամփին պետք է իմիջի բարձրացում, նրան պետք է ամեն գնով Նոբելյան մրցանակի դափնեկիր դառնալ։ Եվ հիմա Թրամփը հրաշքներ է գործում ողջ աշխարհով մեկ և փորձում է ցույց տալ, թե ինքը կարող է անել անհնարինը, անել այն, ինչ չկարողացան անել մյուս կողմերը»,- եզրափակել է Բալասանյանը։

Հիմա եթերում