Սաակաշվիլիի ապագան վճռվեց նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների արդյունքում. Ջոնի Մելիքյան
19 Հուլիսի 2023, 15:10
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի ապագան վճռվեց նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների արդյունքում: Alphanews Room-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահերի բախման ու դրա հետեւանքների վերաբերյալ հարցին: Նրա խոսքով՝ ի տարբերություն Սաակաշվիլիի ընտրած ճանապարհի, Վրաստանի ներկա իշխանությունները որդեգրել են Հունգարիայի ճանապարհը: Ջոնի Մելիքյանն ընդգծում է՝ Վրաստանի կառավարությունը՝ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, տեղ-տեղ և՛ պոպուլիզմ է կիրառում, և՛ տնեսական արդյունքներ ապահովում:
«Փորձում են ուղղափառ եկեղեցու հետ էլ այնպես աշխատել, որ խնդիրներ չունենան՝ ինչպես Սաակաշվիլին»,- նշում է Մելիքյանը: Ըստ վրացագետի՝ Թբիլիսին հստակ հասկացրել է Եվրոպային, թե որոնք են իր կարմիր գծերը:
«Այսօրվա իշխանությունների ընտրազանգվածը պահպանողականներն են»-, ասում է Մելիքյանը՝ հավելելով, որ Ղարիբաշվիլիի կառավարությունը՝ դա հասկանալով, քայլ անելուց առաջ չի մոռանում հաշվի նստել իր ընտրազանգվածի հետ:
Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի կառավարման օրոք Վրաստանում դրական զարգացումներին, մասնագետը նկատեց՝ չնայած Վրաստանում որոշ դրական տեղաշարժերի, նա անմիջապես իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը, իսկ հետո փորձեց ոստիկանության և այլ ծառայությունների միջոցով երկարացնել իր քաղաքական կյանքը: