Սահակ Արսլանյան. հայ ոսկերչի դեբյուտը Բելգիայում

15 Հունվարի 2026, 10:40

Հայեր

Բելգիահայ ոսկերիչ Սահակ Արսլանյանը ներկայացրել է իր զարդերի առաջին հավաքածուն, որը դարձել է կարևոր հանգրվան «Arslanian» տան համար և նոր խոսք ադամանդագործության արվեստում: Հավաքածուն, որը համադրում է ավանդույթներն ու ժամանակակից տեսլականը, ներառում է 30 եզակի զարդ: Դրանցում արևը, լուսինն ու աստղերը վերածվում են գծերի, համաչափությունների և փայլի՝ ստեղծելով տիեզերական սիմֆոնիա:

2025 թվականի վերջին ադամանդագործների հայտնի ընտանիքի ներկայացուցիչն արժանացել է «Լավագույն նոր տաղանդ» մրցանակին Մոնակոյում անցկացվող հեղինակավոր «Grand Prix de la Haute Joaillerie» մրցույթում:

Այսօր Սահակ Արսլանյանի աշխատանքները կարելի է տեսնել «Arslanian»բուտիկներում՝ Անտվերպենում, Դուբայում և Հոնկոնգում, ինչպես նաև Փարիզի երկու խորհրդանշական վայրերում՝ լեգենդար «Le Bristol Paris» հյուրանոցի նախասրահում (որը բացվել է 1925 թվականին և ունի «պալատի» կարգավիճակ) և Ֆրանսիայի հնագույն ավտոմոբիլային ակումբի՝ «Automobile Club de France»-ի պատերի ներսում: