Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է ՀՀ-ի ներքին գործը․ ԱԳՆ

13 Օգոստոսի 2024, 17:12

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։

Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:

Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հարցմանն ի պատասխան արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։

Նշենք, որ Ադրբեջանը, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին, որը հենվում է «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» դեռևս 1989-ին ընդունված որոշման վրա․ Բաքուն այստեղ տարածքային պահանջներ է տեսնում։ Հիշեցնենք, որ մայիսին վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել: