Սահմանազատումը պետք է լինի խորհրդային ամենաթարմ քարտեզներով, նաև Ադրբեջանի ընկալմամբ այդպես է. Միրզոյան

03 Նոյեմբերի 2023, 11:45

Քաղաքականություն

Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն փոխադարձության, հավասարության սկզբունքի հիման վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թ.-ի բյուջեի քննարկման ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ցավով է նշել, որ Ադրբեջանի նախագահը չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը.

«Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը  անհրաժեշտ կամ հարմար, կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչեւեէ, Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքներով ի վերջո դուրս եկավ մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատեւ, կայուն եւ արժանապատիվ խաղաղության հիմքերը: Ուղենիշ է այդ խաղաղության պայմանագրի համար: Այդ փաստաթղթում տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության մասին խոսելիս:

Գիտեք, որ արդեն 6-րդ ռաունդն է մեկնաբանություններով կամ խմբագրումներով փոխանակվելու կամ հանդիպելու, բանակցելու: Միշտ էլ սրանք են եղել մեր ուղենիշները: Առաջինը երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչումն է: Մենք այստեղ ուզում ենք կոնկրետություն ապահովել եւ այդ նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների հանրագիտարանային մակերեսները»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ երկրորդ  սկզբունքն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց,.

«Խոսվում է այն մասին, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա Խորհրդային շրջանի ամենաթարմ օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա: Դա 1974-1988 թվականների քարտեզների խումբն է: Մեծ հաշվով, ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանների հիման վրա: Իմ տպավորությամբ, նաեւ Ադրբեջանի ընկալմամբ այդպես է, որ պետք է տեղի ունենա սահամազատման գործընթացը:

Երրորդ սկզբունքը շատ շահարկված թեման տարածաշրջանի ապաշրջափակումն է: Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլեւ շահագրգիռ է, Հայաստանն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում: Բոլոր ենթակառուցվածքները պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն փոխադարձության, հավասարության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ 2024 թվականի ԱԳՆ-իքաղաքական առաջնահերթթություններից է լինելու «Խաղաղության խաչմերուկի» կայացումը: