Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ

04 Դեկտեմբերի 2023, 19:40

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել սահմանին ադրբեջանական սադրանքի կապակցությամբ․

«Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը:

Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»: