Սամվել Կարապետյանի նկատմամբ հիմա ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան ՔԿՀ-ում էր․ փաստաբան

13 Հունվարի 2026, 16:53

Քաղաքականություն

Առաջին անգամն է, որ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին։ Այն, ի դեպ, վրա է հասել քրեակատարողական հիմնարկում կեցության պայմանների ոչ բարվոք պահպանման հետ կապված։ Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտնել է գործարարի պաշտպանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը։

«Սամվել Կարապետյանը մեզ միշտ հորդորել է, որ մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում մշտապես բարձրաձայնել ենք այդ հարցը։ Բոլոր դատավորները՝ նվազագույնը երկու դատավոր առաջին ատյանում, երկու դատավոր վերաքննիչ ատյանում, հստակ ամրագրել են այդ փաստական տվյալը, որ եթե շարունակվի Սամվել Կարապետյանի առողջությանը պատշաճ բժշկական օգնություն և աջակցություն չցուցաբերելը, դա հիմք է լինելու խափանման միջոցի փոփոխման համար։

Դատարանները՝ չորս տարբեր դատավորներ (2-ը առաջին ատյանում, 2-ը վերաքննիչ ատյանում), արձանագրել են, որ վարույթն իրականացնող մարմնի խիստ պարտականությունն է անհապաղ հետևել առողջական վիճակին և անձին տրամադրել պատշաճ բժշկական օգնություն ու սպասարկում, սակայն վարույթն իրականացնող մարմինը շարունակաբար կտրականապես չի իրականացրել։

Արդյունքում՝ Սամվել Կարապետյանի մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ։ Քրեակատարողական հիմնարկի պայմաններում, իբրև թե, բժիշկն իրականացնում էր բուժում և պնդում էր, թե ոչ մի խնդիր չկա»,- նշել է Ֆերոյանը։

Փաստաբանը, խոսելով տնային կալանքում կիրառվող սահմանափակումների մասին, նշել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հիմա ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում։ «Օրինակ՝ Սամվել Կարապետյանը հիմա իր տնից չի կարող զանգել տղային կամ աղջկան և հարցնել, թե ինչպես են, մինչդեռ բանտային պայմաններում նա կարող էր դա անել»,-հավելել է Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։

Հիմա եթերում