Սամվել Կարապետյանի բարեգործության ծավալների չափը կարելի է միայն Քըրքորյանի հետ համեմատել․ Քոչարյան
02 Օգոստոսի 2025, 18:55
Սամվել Կարապետյանի հետ կատարվածն ուղղակի ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ։ Այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ իշխանությունները, Կարապետյանին կալանավորելով, հարված հասցրին բարեգործության ինստիտուտին։
«Եթե Քըրք Քըրքորյանը 2007 թվականին, դժգոհ լինելով իմ ինչ-որ քայլերից, իմ դեմ մի բան ասեր, ի՞նչ պիտի անեի, պիտի կալանավորեի՞, որ գար Հայաստան։ Սա հիմարության ծայրահեղ աստիճան է։ Սամվել Կարապետյանն այն մարդն է, որի բարեգործության ծավալների չափը կարելի է միայն Քըրքորյանի հետ համեմատել՝ մի տարբերությամբ, որ Քըրքորյանը բիզնեսով չի մտել Հայաստան։ Սակայն Սամվել Կարապետյանը հսկայական ներդրումներ է արել ու ստեղծել է հազարավոր աշխատատեղեր, մարդիկ իրենց ընտանիքները պահում են հենց Սամվել Կարապետյանի ներդրումների շնորհիվ», – ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշել է, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են, իսկ այս պայմաններում խոշոր ներդրողի վրա հարձակվելը մեծ վնաս է հասցնում Հայաստանին։