Սամվել Կարապետյանի մասին վարչապետի հայտարարությունները խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ Ամստերդամ

12 Օգոստոսի 2025, 19:05

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի մասին վարչապետի հայտարարությունները խախտում են ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկացի փաստաբան, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը:

«Սահմանադրությամբ նախատեսված է, որ գործադիր մարմնի, դատական և քննչական մարմինների միջև պետք է տարանջատում լինի։ Քննիչները չպետք է գործեն քաղաքական իշխանության թելադրանքով։ Այս գծերը Հայաստանում ամբողջովին պղտորվել են: Ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ նման բան գոյություն ունենալ չի կարող: Ժամանակն է, որ կառավարությունն արթնանա և իրենց նեղ տեսակետներից հեռու հայացք հառի և հասկանա, թե դա աշխարհի վրա ինչ տպավորություն է թողնում»,- ասաց Ռոբերտ Ամստերդամը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ամստերդամը Երևան է ժամանակել օգոստոսի 11-ին: Նրա այցը կապված է եկեղեցուն սատարելու համար կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումների հետ:

Ամստերդամն այսօր լրագրողներին ասաց, որ հույս ունի վաղը քրեակատարողական հիմնարկում այցելել իր վստահորդին: Ամերիկացի փաստաբանը ցնցված է Սամվել Կարապետյանի մեղադրանքի բնույթից և եկեղեցու նկատմամբ հարձակումից: Նա ամոթալի է որակում Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Նա հունիսի 18-ից կալանավորված է երկու ամսյա ժամկետով:

Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար: Նա անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, News.am-ին տված հարցազրույցում ասել էր.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Հիմա եթերում