Սամվել Կարապետյանի ուժով փոփոխություն է գալու. Նարեկ Կարապետյան
31 Մարտի 2026, 16:37
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պնդում է՝ Հայաստանում փոփոխություններ կարող են լինել միայն Սամվել Կարապետյանի իշխանության գալու դեպքում: «Փոփոխությունը կարող է գալ միայն Սամվել Կարապետյանի ուժի տեսքով, միակ այլընտրանքը այս պահին դա է»,- «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ դաշինքի վերաբերյալ հուշագիր ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը: Անդրադառնալով Alpha News-ի հարցին, որ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին մեղադրում է պատերազմի դիրքերից հանդես գալու մեջ, Նարեկ Կարապետյանն ասաց. «Իշխող ուժը չունի առաջարկելու ուրիշ բան, ոչ մի տնտեսական փոփոխություն չեն բերել, մեծ ներդրում չեն բերել: Միակ բանը, որ այս 8 տարվա մեջ 3 պատերազմից հետո ունեն դա առանց երաշխավոր պայմանագիրն է, և հենց դրա վրա էլ ուզում են հիմնավորել իրենց մնալը: Չնայած, որ աղքատության վերացման հետ կապված ոչ մի բան արված չէ, որևէ այլ ուղղություններով լուծումներ չեն առաջարկվել: Այդ պատճառով նրանք ինչ-որ օրակարգ են ստեղծում, բայց ծառին պետք է նայել իր տված պտուղով, այս ծառը երեք պատերազմ է բերել մեզ, հույսները չդնեն, թե մեր ժողովուրդը հիշողություն չունի, մեր ժողովուրդը 100 տարի առաջվանն էլ է լավ հիշում, հիմիկվանն էլ»: Հիշեցնենք՝ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Նաիրի Սարգսյանի հետ դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր ստորագրեց: Դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ», որը մասնակցելու է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: