Նա հայրենասեր է, ոչ թե հանցագործ. Ստաս Նամինն ու Արայիկ Բաբաջանյանն՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

20 Հունիսի 2025, 22:54

Քաղաքականություն

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման ֆոնին նրան սատարել են մշակութային ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ և ընդգծելով նրա ներդրումը Հայաստանի հոգևոր և հասարակական կյանքում:

Երաժիշտ և կոմպոզիտոր Ստաս Նամինը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, որ կատարվածը «բոլոր սահմանների հատում» է։ Նա նշել է, որ լավ է ճանաչում ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, այնպես էլ Սամվել Կարապետյանին, որոնք ազնիվ, արժանապատիվ և իրենց ժողովրդին խորապես նվիրված անձինք են։

«Նրանք Հայաստանի իսկական հայրենասերներ են, հարգանք վայելող անհատներ։ Որքանով տեղյակ եմ, Կարապետյանի հայտարարություններն՝ ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի, բռնության կամ ահաբեկչության կոչերի ակնարկ նույնիսկ չեն պարունակում»,-ընդգծել է Նամինը։

Նույն դիրքորոշմամբ հանդես է եկել նաև լեգենդար կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին՝ Արայիկ Բաբաջանյանը: «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ Կարապետյանը հեռու է քաղաքական հավակնություններից և միայն իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։

«Ինձ համար ցավալի է տեսնել՝ ինչպես է վերջին տարիներին եկեղեցին հարձակման ենթարկվում։ Կարապետյանը խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով, նա ակտիվ աջակցություն է ցուցաբերում մշակույթի և արվեստի գործիչներին և մասնակցում է մշակութային հուշարձանների վերականգնմանը»,- ասել է Բաբաջանյանը՝ նշելով, որ թեպետ ինքը իրավաբան չէ, բայց անհեթեթություն է համարում իշխանությունը զավթելու մեղադրանքները։