Սամվել Կարապետյանը ռուսական անշարժ գույքի արքաների թվում 2-րդն է. Forbes

Ամերիկյան հայտնի «Ֆորբս» (Forbes) ամսագրի ռուսաստանյան խմբագրության հրապարակած «Ռուսական անշարժ գույքի արքաներ-2024» վարկանշային աղյուսակի առաջին եռյակում տեղ է գտել հայազգի գործարար Սամվել Կարապետյանը։

Մասնավորապես, ըստ Forbes-ի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը երկրորդ հորիզոնականում է (640 մլն դոլար):

Վարկանիշում ներկայացված է վարձակալական եկամուտը, որը կարող էր բերել ընկերությանը պատկանող կոմերցիոն անշարժ գույքը: Ամսագրի տվյալներով՝ 2023 թվականին օբյեկտների վարձակալությունից «Տաշիր»- ի եկամուտները 600 մլն դոլարից հասել են 640 մլն դոլարի։ Հիմնական օբյեկտներն են «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնը, «Kvartal West IFC»-ն և «Novotel Moscow City»-ին։ Forbes-ը հաշվարկել է, որ վարկանիշի երրորդ տեղում գտնվող «Սաֆմար»-ի եկամուտը 2023 թվականին 510 դոլարից նվազել է մինչև 460 միլիոն դոլար։

Տարեկան 200 միլիոն մարդ այցելում է «Տաշիր»-ի կողմից կառավարվող օբյեկտներ, «Ռիո»-ի 16 առևտրի կենտրոններ էլ գործում են Ռուսաստանի 13 քաղաքներում և Երևանում:
«Տաշիր»-ը բազմապրոֆիլ հոլդինգ է, որը զբաղվում է բնակարանաշինությամբ, կան նաև նախագծեր էներգետիկայի ոլորտում։ Ընկերության ընդհանուր եկամուտը 2023 թվականին աճել է 10%-ով՝ հասնելով 225 միլիարդ ռուբլու։

Forbes-ի վարկանիշում ընդգրկվել է նաև «Balchug Capital» ներդրումային հիմնադրամի սեփականատեր Դավիթ Ամարյանը (50 մլն դոլար)։ Մեկ տարի առաջ Դավիթ Ամարյանի «Balchug Capital» հայկական հիմնադրամը ֆին ներդրողներից գնել է Պուլկովո օդանավակայանի մոտ գտնվող «Pulkovo Sky» բիզնես կենտրոնը։ Սա Սանկտ Պետերբուրգի A կարգի ամենամեծ գրասենյակային շենքերից մեկն է, որը գրեթե ամբողջությամբ վարձակալում է «Գազպրոմ»-ը։

Բացի այդ, Դավիթ Ամարյանը 2023 թվականին դարձել է Մոսկվայի «Մետրոպոլիս» առևտրի և զվարճանքի կենտրոնի (205,000 քառ. մ) նոր սեփականատերը։