Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում նշվել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
30 Մայիսի 2025, 14:30
Մայիսի 29-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում նշել են Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Տաճարում հոգևորականներն ու ծխականներն իրենց աղոթքն են ուղղել Տեր Հիսուս Քրիստոսին։
Սանկտ Պետերբուրգի հայության հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանի գլխավորությամբ Սուրբ պատարագ է մատուցել Ղևոնդ քահանա Տյոմկինը։ Տեր Ղևոնդը խոսել է տոնի նշանակության մասին՝ նշելով, որ Փրկչի Համբարձումը նրա աստվածային փառքի դրսևորումն է։ Համբարձմամբ Տերը բացել է դեպի դրախտ ճանապարհը բոլոր մարդկանց համար:
Տիրոջ Համբարձման տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը։ Պատրիարքական գահը, որը ապաստան է գտել Հայաստանի տարբեր անկյուններում, 1441 թ. Վաղարշապատի ազգային եկեղեցական խորհրդի որոշմամբ մշտապես վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում։



