Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ. Յուրի Ուշակով
24 Դեկտեմբերի 2024, 13:58
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Լենինգրադի մարզ՝ դեկտեմբերի 26-ին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում՝ «Իգորա» առողջարանային համալիրում մեր նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշել է Ուշակովը՝ հավելելով, որ նիստին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներն, ինչպես նաև դիտորդ երկրները՝ Ուզբեկստանն ու Կուբան։
Ուշակովը նաև հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ: