«Հակաահաբեկչական գործողության» շրջանակներում ՀՅԴ-ականների հետ ձերբակալվել և 3 օր անց ազատ է արձակվել «սանտեխնիկը»

13 Հուլիսի 2025, 19:07

Քաղաքականություն

«Իմ որդին ոչինչ, ինքը վարժ է ձերբակալություններին»,- այս մասին Ձերբակալման պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին՝ Տարոն Մանուկյանը, 3 այլ դաշնակցական երիտասարդների հետ ազատ է արձակվել։

«Շոկի մեջ եմ ուղղակի, առաջին օրը, որ մտան խուզարկության, մի անուն կար, որ որևէ մեկս չէր ճանաչում, այս երեք օրը գլուխ են կոտրում, թե ով է, քանի որ ծառայամիտ քննիչները առաջին իսկ պահից արգելեցին տեսակցությունները, նաև պատգամավորական այցերը, ընդհանրապես շփում չունեինք։ Մտածում էինք, ենթադրում էինք, որ սքայթբոլի խանութի տերը կարող է լինել, հարազատները եկան, ասում են՝ չէ, ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Դուրս է եկել, որևէ մեկին չի ճանաչում, ասում ենք՝ ինչի՞ համար։

Մարդուն երեք օր ազատությունից զրկել են, պաշտպանության իրավունքից զրկել են, մարդուն տնից բռնել, բերել են, երեք օր պահել են ահաբեկչության կազմակերպման կասկածանքով։ Շան պես իրենք իրանցից են վախենում»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 10-ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Պաշտպանները պնդում են, որ հայտնաբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։ ՀՅԴ-ականները համարում են, որ այս գործընթացները ուղղված են ՀՅԴ-ի՝ որպես քաղաքական ուժի դեմ:

Հիմա եթերում