Սարդարապատի հերոսի ծոռնուհին. ինչպես է հայկական ծագումը ձևավորել Դոլեցկայային
29 Մայիսի 2025, 22:05
Ալյոնա Դոլեցկայան ռուսական լրագրության և նորաձևության ոլորտում նշանակալի գործիչներից է: Ծնվել է 1955 թվականի հունվարի 10-ին Մոսկվայում: Նա բանասերից և թարգմանչից դարձել է հայտնի հրատարակությունների գլխավոր խմբագիր։
Դոլեցկայան 1918 թվականին Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերը գլխավորած Դանիել Բեկ-Փիրումյանի ծոռնուհին է։ Նրա մայրը՝ Կիրա Դանիել-Բեկ Փիրումյանը, հայտնի վիրաբույժ-ուռուցքաբան էր, իսկ պապը՝ մոսկովյան հայտնի իրավաբան։
Դոլեցկայայի խոսքով՝ իր հայկական ծագումն ընտանիքում միշտ եղել է քննարկման առարկա։ Նա կարծում է, որ իր դյուրագրգռությունն ու հուզականությունն հայկական գծերն են, որոնք ժառանգել է մորից:
Դոլեցկայան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված ռուսական և անգլիական հրապարակային խոսքի համեմատական հռետորաբանությանը։ Ակադեմիական պատրաստվածությունը թույլ է տվել նրան դառնալ տաղանդավոր թարգմանիչ՝ աշխատելով Ուիլյամ Ֆոլքների և Ռեյ Բրեդբերիի ստեղծագործությունների հետ։
Դոլեցկայան համագործակցել է BBC-ի, RTL Television-ի և Ռուսաստանում Բրիտանական խորհրդի հետ։ 1998 թվականին նա դարձել է «Vogue Russia»-ի առաջին գլխավոր խմբագիրը, որտեղ աշխատել է 12 տարի՝ թողարկելով 144 համար։ Նրա կառավարման ոճը ամսագիրը դարձրել է ոչ միայն նորաձևության հրատարակություն, այլ մշակութային երևույթ։
2011 թվականին նա թողարկել է Էնդի Ուորհոլի կողմից հիմնադրված «Interview»-ի ռուսական տարբերակը և որպես գլխավոր խմբագիր աշխատել մինչև 2016 թվականը։
Դոլեցկայան «Дождь» հեռուստաալիքով վարել է «Նախաճաշ Ալյոնա Դոլեցկայայի հետ» և «Երեկո Դոլեցկայայի հետ» հաղորդումները, որտեղ հարցազրույց է վերցրել հայտնի դեմքերից։ 2006-2023 թվականներին եղել է նաև «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ:
Ալյոնա Դոլեցկայան ոչ միայն լրագրող է, այլև մարդ, ով ձևավորել է ժամանակակից նորաձևության և մշակույթի ընկալումը Ռուսաստանում։ Նրա ոճը, ինտելեկտը և միտումները տեսնելու ունակությունը նրան դարձրել են մեդիայի ամենաազդեցիկ անձանցից մեկը։