Սարգիս Հակոբյան․ Գյուտարարն ու բարերարը

08 Դեկտեմբերի 2024, 23:58

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

1926 թվականի դեկտեմբերի 8-ին ծնվել է ամերիկահայ հայտնի գյուտարար, բարերար, բնապահպան Սարգիս Հակոբյանը:

Հակոբյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում։ Նրանք Իրանից ԱՄՆ են գաղթել 1945 թվականին։

Սարգիս Հակոբյանը մեքենաշինություն է սովորել Փենսիլվենիայում՝ Lafayette քոլեջում։ Նա ծառայել է Միացյալ նահանգների զինված ուժերում։ Զորացրվելուց հետո միայն ավարտել է քոլեջը մեքենաշինության բակալավրի աստիճանով:

Արդեն ուսումնառությունից հետո նա սկսել է աշխատել «Weller Electric Crop» ընկերությունում, որտեղ նախագծել է էներգիական հաղորդիչ և զինվորական ատրճանակ, որոնք ավելի ուշ դարձել են կազմակերպության հիմնական արտադրանքները։

1957 թվականին, նա բացել է իր սեփական կազմակերպությունը՝ «Acopian Technical Company» անվամբ։ Այնտեղ նա նախագծել և պատրաստել է երբևէ առաջին արեգակնային ռադիոն։

Բացի այդ, Սարգիս Հակոբյանը հորինել է շարժիչների սնուցման, օդի և վառելիքի մաքրման սարքեր, էլեկտրական էներգիայի փոխարկիչներ։

Հակոբյանը, որպես բարերար, իր ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ նվիրատվություններ է կատարել, այդ թվում նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում իրականացվող ծրագրերին:

Գյուտարարն ԱՄՆ-ում համայնքային կազմակերպության խոշորագույն հովանավորն էր։ Նրա ֆինանսական աջակցության շնորհիվ ամերիկյան Շառլոթ քաղաքում կառուցվել է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին:

Նրա հովանավորությամբ 1997 թվականին ԱՄՆ-ում հրապարակվել է անկախ Հայաստանի անգլալեզու քարտեզը։ Գյուտարարը նաև մեծ աջակցություն է ցուցաբերել «Հայաստանի թռչունները» տեղեկագրքի հրատարակմանը:

Սարգիս Հակոբյանը կյանքից հեռացել է 2007 թվականի հունվարի 18-ին: