Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը կներկայացվի Դանիայի կինոփառատոնում

17 Մարտի 2025, 15:00

Մշակույթ

Հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը կներկայացվի «CPH:DOX» միջազգային հեղինակավոր կինոփառատոնում, որը կանցկացվի մարտի 19-ից 30-ը։

Փառատոնն ամեն տարի անցկացվում է Կոպենհագենում և ամենամեծն է ոչ միայն Սկանդինավիայում, այլև Եվրոպայում:

Ֆիլմը պատմում է 11-ամյա արցախցի Վրեժի, Արցախի մասին՝ 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, մինչև Ադրբեջանի կողմից հայաթափումը։ Վրեժն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում և երազում է ատամնաբույժ դառնալ։ Պատերազմի վերսկսմամբ վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, նա և իր ընտանիքը ստիպված են լինում լքել հայրենի տունն ու Արցախը: Պատերազմի պարտությունից հետո նրանք վերադառնում են ավերված հայրենիք։ Տղան բախվում է նոր դաժան իրականության հետ և պատրաստվում է ապագա մարտերին՝ փորձելով հաղթահարել իր տրավմաները: