Սաթի Սպիվակովան կժամանի Երևան. ներկայացումներ և ընթրիք՝ ի աջակցություն «City of Smile» հիմնադրամի
12 Սեպտեմբերի 2025, 12:55
Հայազգի դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան երկօրյա մշակութային-բարեգործական ծրագրով կայցելի Երևան՝ ի աջակցություն «City of Smile» («Ժպիտների քաղաք») հիմնադրամի, որն օգնում է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին։ Այցը կազմակերպվել է տիկին Սպիվակովայի անձնական նախաձեռնությամբ՝ հիմնադրամի մշտական դոնոր «GPMgold» ընկերության աջակցությամբ։
Անցյալ տարվա ապրիլին Սաթի Սպիվակովան առաջին անգամ Երևան էր բերել Մոսկվայի «Ազգերի թատրոնի» թատրոնի «Դեղձանիկ. Մարիա Կալլասի վերջին երեք օրերը» ներկայացումը և ընդունել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի Բարի կամքի դեսպան դառնալու հրավերը։ Ներկայիս այցն այդ առաքելության շարունակությունն է։
Այս տարի՝ սեպտեմբերի 19-ին, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի կունենա Մոսկվայի «Ազգերի թատրոն»-ի «Տուրգենև. Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը (ռեժիսոր՝ Դ. Սերդյուկով)։ Սա գրական-երաժշտական կոմպոզիցիա է՝ հիմնված Իվան Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի նամակագրության վրա՝ Շոպենի, Սաթիի, Շվարցի և Դեսյատնիկովի երաժշտության ուղեկցությամբ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սաթի Սպիվակովան և Վլադիմիր Կոշևոյը։ Ներկայացումներից ստացված ամբողջ հասույթը կուղղվի «City of Smile» հիմնադրամին:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հովանու ներքո էլ կկայանա բարեգործական ընթրիք։ Միջոցառումը հարթակ կդառնա մանկական ուռուցքաբանության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ըստ կազմակերպիչների՝ մարդասիրությունն ու գթասրտությունը մշակույթի անբաժանելի մասն են։