Լիբանանի հայ համայնքը ստորագրահավաք է անցկացրել՝ ի աջակցություն Արցախի․ տեսանյութ
02 Սեպտեմբերի 2023, 16:15
Լիբանանի հայ համայնքը Պուրճ Համուտի հրապարակում, ի աջակցություն Արցախի, ստորագրահավաք, մոմավառություն և զօրակցող միջոցառում է անցկացրել։
Լիբանանահայությունը «Արցախը Հայաստան է», «Արցախը չի՛ լինելու ադրբեջանի կազմում», «Արցախը Հայաստանի անբաժան մասն է» պաստառներով ավտոերթ են անցկացրել՝ պահանջելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը և դադարեցնել արցախահայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը։
Սեպտեմբեր 2-ին` Արցախի Հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը, ի պաշտպանություն շրջափակված Արցախի, աշխարհի հայաշատ վայրերում Արցախի ու նրա պետականության աջակցության ու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող ակցիաներ, բողոքի ցույցեր են իրականացվում։
Աշխարհասփյուռ հայությունն իր ձայնն է հնչեցնում` հրավիրելով միջազգային կառույցների ու դերակատարների ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա։
Աշխարհի 16 երկրում ակցիաներն անցկացվում են «SOS Artsakh» խորագրով։
Սեպտեմբեր 2-ը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։