Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 16,000 արցախցի 

11 Սեպտեմբերի 2025, 16:42

Հայեր

2025-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 43,875 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 27,920-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 15,955 արցախցի։ Տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։

Նախորդ ամսվա համեմատ վերադարձողների թիվը աճել է 780-ով․ եթե օգոստոսի 1-ին չվերադարձողների թիվը 16,735 էր, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 15,955։

2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն (մոտ մեկ տարի) չվերադարձողների թիվը պահպանվել է 11-12 հազարի սահմաններում։ Սակայն 2025-ի մայիսից սկսվեց նոր ալիք․ չվերադարձողների թիվը ավելացավ շուրջ 4-5 հազարով։ Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ դադարեցվեց արցախցիների «40+10» հազար դրամ սոցիալական ծրագիրը, և աջակցությունը դարձավ թիրախային՝ միայն խոցելի խմբերին։