«Սեր Արցախ» նախագիծը կիրականացվի նույնիսկ Արցախի շրջափակման պայմաններում

22 Մայիսի 2023, 00:20

Հայեր

«Սեր Արցախ»-ը կշարունակի աջակցել շրջափակման մեջ գտնվող արցախցի նորածիններին՝ լույս աշխարհ եկած յուրաքանչյուր նորածնի նվիրելով իր առաջին նվեր-տուփը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ և «Սեր Արցախ» նախագծի հեղինակ Աննա Աստվածատուրյան Թերքոթն ասել է, որ շարունակում են նվեր տուփերը փոխանցել Արցախի Հանրապետության և Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով:

«2022 թվական  հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը,  2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված երեխաներին պաշտպանելու  և նրանց համար որևէ լավ բան անելու ցանկությունից ելնելով,  սկսեցինք «Սեր Արցախ» նախագիծը։

Մեզ համար անչափ կարևոր էր արժևորել հենց Արցախում ապրելն ընտրած ընտանիքներում ծնված բալիկներին և ապագա մայրիկներին: Եվ այսօր՝ նախագծի մեկնարկից գրեթե մեկ տարի անց, ես կարող եմ նշել, որ հասցրել ենք նորածիններին նվիրել 1553 տուփ»,- ասել է նա:

Աննա Աստվածատուրյանն ընդգծել է, որ նախօրոք որոշել էին ծրագիրն  իրականացնել մեկ տարի, բայց, քանի որ այս պահին Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և այդ օգնության կարիքը հիմա առավել քան կա, որոշել են այն  շարունակել մինչև դեկտեմբեր կամ առնվազն այնքան, որքան թույլ կտան շրջափակման պայմանները:

Աննան նշել է, որ ծրագրի մեկնարկին որոշել են, որ նվեր տուփերում ներառելու են Հայաստանում կամ Արցախում արտադրված պարագաներ, ինչով  կխթանեին նաև հայրենական արտադրանքը։

«Արցախում իմ լավ ընկերներից մեկը, ով խաղալիքներ է պատրաստում, համաձայնեց պատրաստել նախագծի խորհրդանիշը դարձած փայտե ճնճղուկին։

Նախքան նախագծի սկսվելը ամիսներ շարունակ փնտրում էինք հայկական արտադրության շորեր, խաղալիքներ, խնամքի պարագաներ: Եվ, իհարկե, գտանք հայկական արտադրության բարձրորակ իրեր, որոնք էլ ներառեցինք  նվեր-տուփերում: Իրեր կային, որոնք Հայաստանում չէին արտադրվում, օրինակ՝ տակդիրներ կամ ջերմաչափեր, դրանք էլ ձեռք էինք բերում Հայաստանում»,- ասել է նա:

Աննա Աստվածատուրյանը պատմել է, որ  երբ աշխատում էին նախագծի գաղափարի վրա և որոշում էին ինչ ապրանքներ ներառել տուփի մեջ, շատերը հարցնում էին, թե ինչու են կենտրոնանում ամենալավ ու որակյալ ապրանքների վրա, բայց  փախստականի ուղին չտեսած մարդկանց համար դժվար էր հասկանալ իրենց.

«Երբ ինքս էի փախստական ուրիշ երկրում, միշտ ես և եղբայրս ստիպված էինք  հագնել ուրիշի օգտագործած շորերը: Ես այդ զգացումները շատ լավ եմ հիշում:

Հիմա, երբ ինձ ասում են, որ թանկարժեք իրերի փոխարեն տուփում կարելի է ներառել ավելի շատ ապրանքներ, բայց ավելի էժան, միշտ այդ անձնական զգացումն է անցնում մեջովս. փախստականները և պատերազմը սեփական մաշկի վրա զգացած ընտանիքները նույնպես արժանի են ամենալավին:

Ինձ համար այս նախագիծը միայն նվիրատվություն չէ, այլ նվեր Արցախում մնացած ընտանիքներին, ովքեր արժանի են խրախուսանքի՝ ուժեղ մնալու համառ »,-ասել է նա:

Աստվածատուրյանն ընդգծել է, որ  այս  ծրագիրը հնարավորություն էր իր  համար ոչ միայն աջակցելու Արցախին և Հայաստանի տնտեսությանը, այլ նաև սփյուռքն Արցախին կապելու:

«Ինձ համար ամենակարևորը ոչ թե օգնությունն էր (արցախցիները ստացել և ստանում են նյութական օգնություն), այլ սփյուռքին ցույց տալը, որ Արցախում ապրում և ծնվում են մարդիկ, Արցախում բնակվողներին ցույց տալը, որ սփյուռքը պատրաստ է իրենց աջակցել:

Ամենակարևորը բարոյական աջակցությունն է, ուշադրության արժանացնելը և ուրախության ակնթարթներ պարգևելը»,-ասել է նա:

Անդրադառնալով նոր ծրագրերին՝ Աննա Աստվածատուրյանը պատմել է, որ  պատրաստվում է հանդիպել և զրուցել Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որպեսզի քննարկեն նմանատիպ նախագիծը այնտեղ նույնպես իրականացնելու գաղափարը: Գաղափարը կկրի «Սեր Սյունիք» խորագիրը:

«Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ մնան Սյունիքում, շատ երեխաներ ունենան: Հույս ունեմ, որ այս օգնությունը կշարունակվի, քանի որ սա հնարավորություն է, որ մարդիկ շարունակեն մնալ Արցախում և Սյունիքում:

Այս պահին Արցախում իրավիճակը բավականին ծանր է, ու սփյուռքը շատ մտահոգված է այս հարցով։ Ես եկել եմ, որպեսզի հենց տեղում խոսեմ մարդկանց հետ ու հասկանամ իրավիճակը»,- ասել է ծրագրի ղեկավարը:

Աննա Աստվածատուրյանը նշել է, որ  նախագիծը բավականին մեծ գումարներ է պահանջում, քանի որ յուրաքանչյուր տուփն արժենում է 105 դոլար, և այն շարունակելու նպատակով ցանկացած աջակցություն  հիմնադրամի  համար շատ կարևոր է: