Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
12 Սեպտեմբերի 2025, 10:25
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը և ուղեկցող պատվիրակությունը Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով կայցելեն Հայաստան: Իգդիրում Քըլըչի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ։
Քըլըչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ որոշ աշխատանքներ են կատարել․ Նա մասնավորապես նշել է․ «Մենք այս աշխատանքները կվերանայենք, կվերահաստատենք նախորդ աշխատանքները։ Կքննարկենք, թե ապագայում երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար ինչ կարելի է անել»։
Հատուկ բանագնացը նաև անդրադարձել է «Զանգեզուրի» գծի կարևորությանը և նշել․ «Այս հաղորդակցության գիծը չափազանց կարևոր է։ Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև, այլև ողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ կապ հաստատելու առումով Զանգեզուրի գիծը կարևոր ուղի է»։