Սերենա Ուիլյամս. Աշխարհի առաջին ռակետն ու բարերարը

26 Սեպտեմբերի 2024, 22:45

Հայեր

Սեպտեմբերի 26-ն աշխարհահռչակ թենիսիստուհի, օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանի կնոջ՝ Սերենա Ուիլյամսի ծննդյան օրն է:

Սերենա Ուիլյամսը ծնվել է 1981 թվականին Կալիֆորնիայում։ Սերենայի հայրը մանկուց պատրաստում էր նրան և ավագ քրոջը՝ Վինուսին, պրոֆեսիոնալ թենիսի կարիերայի համար։ Արդյունքում, երկու քույրերն էլ հերթով դարձան աշխարհի առաջին ռակետ:

Սերենան թենիսում իր առաջին քայլերն արել է հոր՝ Ռիչարդ Ուիլյամսի ղեկավարությամբ: Նրա ավագ քույրը՝ Վինուս Ուիլյամսը, օրինակ էր ծառայում նրա համար։

Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» 23 մրցաշարերի մենախաղի հաղթող է։ Մենախաղում նվաճած Մեծ սաղավարտի տիտղոսների թվով նա 4-րդն է կանանց թենիսի պատմության ընթացքում ։ Սերենա Ուիլյամսը նաև օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։

Բացի այդ, Ուիլյամսը WTA-ի ամփոփիչ առաջնության հնգակի հաղթող է և կանանց պրոֆեսիոնալ տուրի ռեկորդակիր: Նա նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է։ Ըստ Associated Press գործակալության՝ Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տասնամյակի լավագույն մարզիկ։

Բացի մասնագիտական կարիերայից, Ուիլյամսը նաև հաջողությամբ զարգացնում է իր սեփական բիզնեսը՝ ունենալով սպորտային հագուստի ընկերություն՝ «Aneres Designs»: Թենիսիստուհին մասնակցում է նաև բարեգործական նախագծերի։ Ուիլյամսը ֆինանսավորել է Աֆրիկայում մի քանի դպրոցների կառուցումը, իսկ ԱՄՆ-ում նրա հովանավորության շնորհիվ կրթաթոշակներ են տրամադրում քոլեջի ուսանողներին:

Սերենա Ուիլյամսն ամուսնացած է ամերիկացի միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: 2017-ի սեպտեմբերին «Մեծ սաղավարտի» 23 մրցաշարերի հաղթողն ու հայտնի գործարարը դուստր էին ունեցել: Երեխային անվանակոչել են ի պատիվ Ալեքսիսի` Ալեքսիս-Օլիմպիա Օհանյան։ 2023 թ-ին ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Ադիրա Ռիվեր Օհանյանը։