Ռուսական թատրոնի և կինոյի դերասան Սերգեյ Գաբրիելյան
11 Հունվարի 2025, 23:50
Հունվարի 11-ը ռուսական թատրոնի և կինոյի դերասան Սերգեյ Գաբրիելյան կրտսերի ծննդյան օրն է:
Սերգեյ Գաբրիելյանը ծնվել է 1991 թվականին Մոսկվայում, մի ընտանիքում, որտեղ ստեղծագործական մթնոլորտ էր տիրում։ Նրա ծնողները Ռուսաստանի վաստակավոր արտիստներ են։ Հայրը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Էդուարդի Գաբրիելյանն է, նկարահանվել է «Այրին», «ԴՄԲ», «Յուլենկա», «Շիրլի-միրլի» ֆիլմերում և բազմաթիվ սերիալներում։ Իսկ նրա մայրը՝ Իրինա Ալեքսանդրովնա Բյակովան խաղացել է «Դետեկտիվ Դուբրովսկու դոսյեն», «Ձմեռային սիրավեպ», «Նեղ կամուրջ», «Արբատի երեխաները», «Վիսոցկի. Շնորհակալ եմ, որ ողջ ես» նախագծերում:
2013 թվականին Սերգեյ Գաբրիելյանն ավարտել է Մ.Ս. Շեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը, որտեղ ուսանել է Վլադիմիր Բեյլիսի և Վիտալի Իվանովի ղեկավարած կուրսում: Նա խաղացել է «Խելացի բաներ», «Ժամանակները փոխվում են» (վարորդի դեր), «Զիկովներ» (Շոխին) և այլ ներկայացումներում։
Սերգեյն իր դեբյուտը կինոյում կատարել է 2013 թվականին՝ խաղալով Ժորա Կրիժովնիկովի «Դառը» կատակերգությունում։ Նրա խաղընկերներն էին Սերգեյ Սվետլակովը, Ելենա Վալյուշկինան, Յան Ցապնիկը, Եգոր Կորեշկովը և Յուլիա Ալեքսանդրովան։ 2014 թվականին նա կրկին հայտնվել է այս ֆիլմի շարունակությունում՝ «Դառը 2» ֆիլմում։
Դերասանը նկարահանվել է նաև հանրահայտ «Հետք» և «Գաղտնի քաղաք» հեռուստասերիալներում, ինչպես նաև Անդրեյ Զայցևի մելոդրամայում, որտեղ նա խաղում էր խուլիգանի դերը։ Այնուհետև Սերգեյը մասնակցել է «Ամեն ինչ օրենքով» քրեական դրամայի նկարահանումներին՝ աշխատելով հոր հետ։
Սերգեյ Գաբրիելյան կրտսերը նաև հնչյունավորել է գլխավոր հերոս Գրիշային, ում մարմնավորել է սերբ դերասան Միլոշ Բիկովիչը հայտնի «Ստրուկը» ֆիլմում։ Ի դեպ, «Ստրուկը» դարձել է ամենաշատ եկամուտ ունեցող ռուսական ֆիլմը, որը ցուցադրվել է Ռուսաստանի և ԱՊՀ կինոթատրոններում։